կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Հիմալայներում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը շուրջ 1,4 հազար է

Հիմալայներում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը շուրջ 1,4 հազար է

Հիմալայներում ավերիչ ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը մոտեցել է 1,4 հազարի: Այս մասին տեղեկացնում է dpa-ն։

Նշվում է, որ Նեպալի տարածքում հաստատվել է 1341 մարդու մահը, ևս 43 մարդ զոհվել է Տիբեթում։ Մոտ 5 հազար մարդ շարունակում է համարվել անհետ կորած։

Ջրհեղեղը ոչնչացրել կամ լրջորեն վնասել է առնվազն 13 հիդրոէներգետիկ օբյեկտ և մեկ արևային էլեկտրակայան։ Հարյուրավոր աշխատակիցներ համարվում են անհետ կորած, և ենթադրվում է, որ շատերը արգելափակված են մնացել հիդրոէլեկտրակայանների թունելներում և հանքահորերում։

Նեպալի իշխանությունների տվյալներով՝ Հնդկաստանից, Չինաստանից և Հարավային Կորեայից ժամանած որոնողական խմբերն աշխատում են Նեպալի բանակի հետ միասին՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, դրոններ և մարդկանց թունելներից փրկելու սարքավորումներ։

Հիշեցնենք, որ աղետալի ջրհեղեղները օգոստոսի 26-ին հարվածել են Նեպալի և Տիբեթի սահմանամերձ շրջաններին։ Ենթադրվում է, որ պատճառը եղել է սառցադաշտի փլուզումը, որը հրահրել է հզոր սելավային հոսք և ջրի մակարդակի կտրուկ բարձրացում։

  • Կիսվել: