ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրանի խորհրդարանի նախագահը հրաժարվել է մեկնել Ադրբեջան՝ փոխարեն Հայաստան կայցելի

Իրանի խորհրդարանի նախագահը հրաժարվել է մեկնել Ադրբեջան՝ փոխարեն Հայաստան կայցելի

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի ղեկավար Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆը հրաժարվել է մեկնել Ադրբեջան։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը։

Ադրբեջանական «Oxu.Az» լրատվականը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Իրանի խորհրդարանի նախագահը միակողմանիորեն չեղարկել է իր այցն Ադրբեջան՝ առանց այդ մասին «պատշաճ նախազգուշացնելու»։

Լրատվականը միևնույն ժամանակ տեղեկացնում է, Ղալիբաֆը առաջիկա օրերին կայցելի Հայաստան։ Ադրբեջանական լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանն այսպիսով «բացահայտում է իր տարածաշրջանային քաղաքականության էությունը»։

«Պաշտոնական Թեհրանն իր որոշմամբ հաստատում է, որ Բաքվի և Երևանի միջև ընտրության հարցում գերադասում է Երևանին։ Սրանով մեր հարավային հարևանի աստվածապետական ​​իշխանությունը հերթական անգամ Ադրբեջանի նկատմամբ իր վերաբերմունքով ցույց տվեց իր իրական դեմքը»,- եզրափակում է ադրբեջանական լրատվականը։

  • Կիսվել: