ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Իսրայելցիների համար Հայաստանն անվտանգ, Ադրբեջանը՝ պոտենցիալ վտանգավոր երկրների ցանկում են

Իսրայելցիների համար Հայաստանն անվտանգ, Ադրբեջանը՝ պոտենցիալ վտանգավոր երկրների ցանկում են

Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը, հաշվի առնելով վերջին շրջանում Մերձավոր Արևելքում աճող լարվածությունը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան ղեկավարների սպանությունից հետո Իրանի հնարավոր պատասխան հարվածի մտադրությունը, իր քաղաքացիներին նախազգուշացրել է զերծ մնալ գրեթե 40 երկիր այցելությունից։ 

Այս մասին նշված է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է, որ իրանական կողմը հնարավոր է՝ վրեժխնդիր լինելու նպատակով հարվածներ հասցնի արտերկրում գտնվող իսրայելական/հրեական թիրախներին, ինչպիսիք են դեսպանատները, սինագոգները, հրեական համայնքային կենտրոնները և այլն։ 

«Մենք խորհուրդ ենք տալիս միջազգային ճանապարհորդություն պլանավորողներին լրջորեն վերանայել այն երկրներ մեկնելու անհրաժեշտությունը, որոնց համար տրվել են ճամփորդական նախազգուշացումներ միջինից բարձր սպառնալիքի մակարդակով (մակարդակ 3 կամ 4): Բոլոր այդ ուղղություններով զգույշ եղեք և հետևեք Ազգային անվտանգության խորհրդի կայքում ներկայացված առաջարկություններին՝ ներառյալ հանրային վայրերում (առևտրի կենտրոններ, ռեստորաններ, հյուրանոցներ, բարեր և այլն) զգոն մնալը, իսրայելական կամ հրեական նշանների բաց ցուցադրումը: Խուսափեք խոշոր միջոցառումներից, որոնք չեն պաշտպանվում տեղական իշխանությունների կողմից, և զերծ մնացեք ցույցերից և բողոքի ակցիաներից», - նշված է իսրայելական խորհրդի հայտարարության մեջ: 

Արտասահման մեկնել պլանավորելու ժամանակ հրեաներին խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի թռիչքներ, որոնք չեն մտնում Իսրայելի համար թշնամի հանդիսացող երկրների (Լիբանան, Իրան, Սիրիա, Եմեն և Իրաք) և այն երկրների օդային տարածք, որոնք գտնվում են խիստ վտանգի տակ գտնվող ճամփորդական նախազգուշացումների ներքո ու դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն Իսրայելի հետ (Աֆղանստան, Լիբիա, Սոմալի, Պակիստան և Ալժիր): 

Հատկանշական է, որ ներկայացված 40 երկրների ցանկում Հայաստանն առաջին աստիճանի՝ առանց սպառնալիքի երկիր է (No Travel Threat), իսկ Ադրբեջանը՝ երկրորդ աստիճանի՝ պոտենցիալ վտանգավոր երկրների թվում է (Potential Threat): 

 

  • Կիսվել: