Ադրբեջանի վարչապետը խոսել է Հայաստանի հետ վստահության վերականգնման մասին
Դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելով՝ Ադրբեջանը նպաստել է տարածաշրջանում համագործակցության և վստահության վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» 5-րդ ֆորումի ժամանակ։
Ասադովն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված համաձայնությունները պատմական նշանակություն ունեն տարածաշրջանում կայուն համագործակցության ապահովման առումով:
«Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը, այդ թվում՝ Ադրբեջանի մայրցամաքային մասը նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելը, կնպաստի տարածաշրջանի միջազգային փոխադրումների տարանցիկ հզորությունների ընդլայնմանը: Մենք վստահ ենք, որ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերի հիման վրա տարածաշրջանում բացվող նոր երթուղին կդառնա Միջին միջանցքի հիմնական հատվածը և կնպաստի համաշխարհային տրանսպորտային ցանցում նրա դերի ամրապնդմանը:
Ի դեպ, Ադրբեջանը շարունակում է ցուցադրել տարածաշրջանում համագործակցության և վստահության վերականգնման իր հանձնառությունը: Վերացնելով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները՝ Ադրբեջանը զգալի ներդրում է ունեցել այս ուղղությամբ: Ղազախական հացահատիկի Ադրբեջանի միջոցով Հայաստան տեղափոխումն այս ուղղությամբ առաջին գործնական քայլն էր: Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սա ցույց է տալիս, որ խաղաղությունն իրականացվում է ոչ միայն թղթի վրա, այլև իրական կյանքում»,- ասել է Ասադովը:


