ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ուղղությամբ տեխնիկական աշխատանքներն ընթացքի մեջ են․ Չավուշօղլու

Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ուղղությամբ տեխնիկական աշխատանքներն ընթացքի մեջ են․ Չավուշօղլու

Մևլութ Չավուշօղլուն թուրքական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, պատասխանել երկու երկրում դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու հավանականության մասին հարցին:

«Մոտ ապագայում դա կարող է չլինել։ Նախ պետք է մյուս քայլերը կատարենք»,- նշել է Մևլութ Չավուշօղլուն։

Նա հավելել է, որ թուրքական կողմի համար կարևոր է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող գործընթացը, և Անկարան աջակցում է կայուն խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Թուրք դիվանագետը կարևորել է տարածաշրջանում լոգիստիկ, տրանսպորտային նախագծերի իրականացումը՝ ընդգծելով, որ այժմ Արևելք-Արևմուտք` «Միջին» միջանցքը կենսական նշանակություն է ձեռք բերել։

«Հայաստանի հետ մեր օդային տարածքն ենք բացել, օդային բեռնափոխադրումներ, երկկողմ թռիչքներ ենք սկսել։ Մեր օդային տարածքով Հայաստանի ավիաընկերությունները երրորդ երկրներ էլ են կարողանում թռչել»,- մանրամասնել է Չավուշօղլուն։

Նա նաև ընդգծել է Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանի բացման համար անհրաժեշտ է կարգի բերել ենթակառուցվածքները։

«Այս ուղղությամբ տեխնիկապես աշխատանքներ են կատարվում։ Իրականացվում են նաև համատեղ որոշ աշխատանքներ, տեղում ուսումնասիրություններ»,- ասել է նա։

  • Կիսվել: