հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայամետ թուրք գործիչ Օսման Քավալան 840-օրյա կալանքից հետո ազատ է արձակվել

Հայամետ թուրք գործիչ Օսման Քավալան 840-օրյա կալանքից հետո ազատ է արձակվել

Ստամբուլ քաղաքի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ ազատ է արձակվել  «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ անելու» մեջ մեղադրվող հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալան։

Օսման Քավալան հայտնի հասարակական գործիչ է: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է «Anadolu Kültür» հիմնադրամը՝ տարիներ շարունակ իրականացնելով նաև հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ։ Քավալան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը և խստիվ դատապարտել այն, գրում է ermenihaber.am-ը:

Քավալան ակտիվորեն մասնակցել է 2013-ի ամռանը Գեզի զբոսայգու հակակառավարական ցույցերին։ Նա կալանավորվել էր 2017թ. դեկտեմբերին։ Մեղադրվում էր 2016թ. ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ։ 

Բազմաթիվ թուրքական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել՝ Քավալայի ապօրինի կալանքին վերջ դնելու պահանջով։

Օսման Քավալային սպառնում էր ցմահ ազատազրկում: Նրա արդարացման և ազատ արձակման որոշումը կայացվել է 840-օրյա կալանքից հետո՝ 2020թ. փետրվարի 18-ին:

 

 

  • Կիսվել: