հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել  օկուպացված բարձունքներում և դիրքերում ինժեներական  միջոցառումների իրականացման վերաբերյալ

Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել օկուպացված բարձունքներում և դիրքերում ինժեներական միջոցառումների իրականացման վերաբերյալ

Այսօր Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հերթական ծառայողական խորհրդակցությունն է անցկացրել, որին մասնակցել են նախարարի տեղակալները, նախարարության գլխավոր վարչությունների և ծառայությունների պետերը: Խորհրդակցության աշխատանքներին տեսակապի միջոցով ներգրավվել են զորամիավորումների և միավորումների հրամանատարներ:

Խորհրդակցության ընթացքում Հասանովը «կոնկրետ հանձնարարականներ է տվել ազատագրված (օկուպացված) տարածքներում, ինչպես նաև նոր վերահսկողության տակ վերցված (զավթած) բարձունքներում և դիրքերում ինժեներական ապահովման միջոցառումների առավել որակյալ իրականացման ուղղությամբ»:

Հասանովը նաև հանձնարարել է «կանխել բոլոր սադրիչ գործողությունները»: Նա նշել է, որ «սեղմ ժամկետներում իրականացված լոկալ գործողությունները բանակի մարտական բարձր վճռականության հերթական վկայությունն են»: «Մեկնաբանելով նրանց հայտարարությունները, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել ադրբեջանական բանակի հաջող գործողությունների հետ»՝ Հասանովը ընդգծել է, որ «ոչ ոք իրավունք չունի Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների լեզվով և նշել, որ ահաբեկչության և օկուպացիայի քաղաքականությանը աջակցող երկրների զինվորականների կողմից հնչեցված զրպարտչական բնույթի մեղադրանքներն անընդունելի և անհեթեթ են»:

Վերլուծելով ադրբեջանա-հայկական սահմանին և «Ղարաբաղյան տնտեսական շրջանում» տիրող օպերատիվ իրավիճակը ՝ պաշտպանության նախարարը «համապատասխան ցուցումներ է տվել հնարավոր սադրանքները վճռականորեն կասեցնելու վերաբերյալ»:

  • Կիսվել: