երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հարավային Կորեայի խորհրդարանն արգելել է շան մսի վաճառքը

Հարավային Կորեայի խորհրդարանն արգելել է շան մսի վաճառքը

Կորեայի Հանրապետության խորհրդարանը հավանություն է տվել օրենքին, որն արգելում է մսի համար շների բուծումը, նրանց մորթը և շան մսի վաճառքը: Այս մասին հաղորդել է Yonhap գործակալությունը։

Այս արգելքին կողմ է քվեարկել 208 պատգամավոր, ձեռնպահ է մնացել երկուսը. դեմ քվեարկողներ չեն եղել։

Ակնկալվում է, որ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2027 թվականին՝ եռամյա անցումային շրջանից հետո։ Սահմանված բոլոր արգելքները խախտողներին կսպառնա մինչև 30 միլիոն վոնի (22,768 դոլար) չափով տուգանք կամ երկու-երեք տարվա բանտարկություն:

Նրանց համար, որոնք մասնագիտորեն զբաղվել են մսի համար շների բուծմամբ, օրենքն օգնություն է խոստանում բիզնեսի վերակողմնորոշման, աշխատատեղերի աջակցության և սուբսիդիաների հարցում: Բոլոր նման ընկերություններից կպահանջվի տեղական պաշտոնյաներին ներկայացնել եկամտի այլ աղբյուրների անցնելու ծրագիր, եթե նրանք պլանավորում են շարունակել աշխատանքը:

Կառավարության տվյալներով՝ երկրում գործում է շների բուծման շուրջ 1150  ֆերմա, 34 սպանդանոց, շան միս առաքող 219 ընկերություն և մոտավորապես 1600 ռեստորան, որոնց ճաշացանկում առկա է շան միսը։

AP-ն նշում է, որ վերջին տասնամյակների ընթացքում Հարավային Կորեայում շան միսը կորցնում է պահանջարկը, հատկապես երիտասարդների շրջանում` կենդանիների պաշտպանության կազմակերպությունների ակտիվացման ֆոնին: Հարցումները ցույց են տալիս, որ ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են հանդես գալիս այս ավանդույթի արգելման օգտին, թեև հարցվածների 20-25%-ն առաջվա պես կողմ է դրա պահպանմանը, նույնիսկ եթե իրենք շան միս չեն ուտում։ Այսպես, 2023 թվականին անցկացված Gallup-ի հարցումը ցույց է տվել, որ վերջին 12 ամսվա ընթացքում կորեացիների միայն 8 տոկոսն է կերել շան միս, 2015 թվականին այդ ցուցանիշը  27 տոկոս է եղել։

  • Կիսվել: