չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հարավային Կորեան պաշտոնապես կասեցրել է միջկորեական ռազմական համաձայնագրի գործողությունը

Հարավային Կորեան պաշտոնապես կասեցրել է միջկորեական ռազմական համաձայնագրի գործողությունը

Հարավային Կորեայի կառավարությունը հունիսի 4-ին հավանություն է տվել այն առաջարկին, որով կոչ է արվում ամբողջությամբ կասեցնել 2018 թ. միջկորեական ռազմական համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:

Առաջարկը հավանության է արժանացել նախարարների կաբինետի նիստում․ նիստից մեկ օր առաջ՝ հունիսի 3-ին, Հարավային Կորեայի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհուրդը որոշում էր կայացրել կասեցնել Համապարփակ ռազմական համաձայնագրի գործողությունը՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից աղբով լի փուչիկների արձակման:

Առաջարկությունն ուղարկվել է նախագահ Յուն Սոկ Յոլին, որը ստորագրել է այն։

Նշվում է, որ համաձայնագրի գործողության ամբողջական դադարեցումը Սեուլին թույլ կտա ԿԺԴՀ-ի հետ սահմանի մերձակայքում վերսկսել զորավարժությունները, հետախուզական թռիչքները, ինչպես նաև` բարձրախոսներով քարոզչական հեռարձակումները Հյուսիսային Կորեայի համար։

Անցյալ տարվա նոյեմբերին Հարավային Կորեայի կառավարությունը մասամբ կասեցրել էր համաձայնագրի գործողությունը՝ ի պատասխան Փհենյանի կողմից ռազմական հետախուզական արբանյակի հաջող արձակման։

Սա Սեուլին թույլ է տվել վերականգնել հետախուզական գործողությունները երկու Կորեաները բաժանող ռազմական սահմանազատման գծի շրջանում, որը նաև հայտնի է որպես ապառազմականացված գոտի (DMZ):

Հյուսիսային Կորեան մայիսի 28-ից աղբով բեռնված ավելի քան 1000 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա՝ հայտարարելով, որ դա ձեռնարկվում է՝ ի պատասխան հարավկորեացի ակտիվիստների կողմից քարոզչական թռուցիկներով փուչիկների ուղարկման։

  • Կիսվել: