ՀԱՊԿ զորավարժություններում կմշակվի միջուկային զենքի կիրառումը
Բելառուսում օգոստոսի 31-ին մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Փոխգործակցություն-2025», «Որոնում-2025» և «էշելոն-2025» զորավարժությունները, որոնց մասնակցում է ավելի քան 2000 զինվորական Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ինչպես հաղորդվում է՝ զորավարժություններում կներգրավվեն 450 միավոր սպառազինություն և տեխնիկա, այդ թվում՝ 9 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև տարբեր տեսակի ավելի քան 70 անօդաչու թռչող սարք:
Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական հրամանով՝ զորավարժությունները արևմտյան և հարավային սահմաններից տեղափոխվել են երկրի խորքը՝ հայտնել է Մինսկը:
«Մենք դա գիտակցաբար ենք արել, որպեսզի չլինեն տարբեր տեսակի ակնարկներ, և մեզ չմեղադրեն հնարավոր սադրանքների համար»,- ասել է հանրապետության գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոն։
Նա նշել է, որ զորավարժությունները կներառեն միջուկային զենքի կիրառման պլանավորում՝ առանց դրա օգտագործման։
«Չի կարելի կիրառել այն, ինչը սպառնալիք է ամբողջ աշխարհի, համաշխարհային անվտանգության համար։ Բայց մենք կսովորենք, թե ինչպես դա պլանավորել»,-ասել է Մուրավեյկոն:


