շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» զորավարժություններին կմասնակցեն 5 երկրների զորախմբեր․ Շոյգու

ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» զորավարժություններին կմասնակցեն 5 երկրների զորախմբեր․ Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ընթացքում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Փոխգործակցություն-2024» զորավարժության անցկացման մասին, որին կմասնակցեն հինգ երկրների զորակազմերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
 
Շոյգուն նշել է, որ այդ զորավարժությունները Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի տարեկան պատրաստության գագաթնակետը կդառնան և ուղղված են գործողությունների համակարգմանը՝ արմատական խմբավորումների կողմից ուժգնացող սպառնալիքի և Կենտրոնական Ասիայում արևմտամետ ՀԿ-ների ապակայունացնող ազդեցության պայմաններում:
 
Բացի այդ՝ ՌԴ ՊՆ ղեկավարն ընդգծել է, որ տարածաշրջանը լուրջ մարտահրավերների հետ է բախվում, այդ թվում՝ «Իսլամական պետության» զինյալների թվի 15 տոկոս աճի և Կենտրոնական Ասիայի հանրապետություններում թմրանյութերի արտադրության գրեթե 20 տոկոս աճի:
Նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել արևմտամետ հասարակական կազմակերպությունների դերին, որոնք Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության ֆոնին ուժեղացրել են հակառուսական հռետորաբանությունը Կենտրոնական Ասիայի երկրներում:
 
Ըստ նրա՝ նրանց գործունեությունը խաթարում է տարածաշրջանի պետությունների ռազմատեխնիկական, տնտեսական և մշակութային համագործակցությունը Ռուսաստանի հետ: Ի պատասխան այդ սպառնալիքների՝ Ռուսաստանը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում իր շահերը պաշտպանելու և ՀԱՊԿ հարավային սահմաններին անվտանգությունն ամրապնդելու նպատակով։
 
«Իրավիճակը տարածաշրջանում շարունակում է բարդ մնալ։ Ամենամեծ սպառնալիքը, ինչպես և նախկինում, գալիս է Աֆղանստանի տարածքից»,-ասել է Շոյգուն ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում։
 
Նա հավելել է, որ 2024 թվականին Կենտրոնական ռազմական օկրուգի հիմնական ջանքերը կկենտրոնանան տարածաշրջանի երկրներում ճգնաժամային իրավիճակների լուծման և Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի տարածքներում ծրագրված յոթ զորավարժություններին մասնակցության վրա:

  • Կիսվել: