չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀԱՊԿ-ն արձանագրել է ԻՊ զինյալների թվի աճ Տաջիկստանի հարավային սահմանին

ՀԱՊԿ-ն արձանագրել է ԻՊ զինյալների թվի աճ Տաջիկստանի հարավային սահմանին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների թվի աճ է նկատում Տաջիկստանի հարավային սահմանների մոտ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կայունության հիմնական սպառնալիքը գալիս է միջազգային ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններից, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Ալ Քաիդան» և այլ կազմակերպություններ, - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ - Մասնավորապես, Տաջիկստանի հարավային սահմանի մոտ արձանագրվում է  «Իսլամական պետության» աֆղանական մասնաճյուղի՝ «Վիլայաթ Խորասանի» և Պակիստանի թալիբների շարժման թվի աճ։ Նաև ընդլայնվում է նրանց պատրաստության դաշտային ճամբարների ցանցը: Ընդ որում, օտարերկրացի զինյալների հիմնական կազմը կենտրոնացած է Աֆղանստանի հյուսիսային նահանգներում»։

Բացի այդ, ըստ Սերդյուկովի, իրավիճակի վատթարացմանը կարող է նպաստել միգրացիոն հոսքերի աճը՝ «կառավարական զորքերի և ընդդիմության միջև շարունակվող առճակատման, ազգային և կրոնական փոքրամասնությունների ճնշման, ինչպես նաև տնտեսական իրադրության վատթարացման և հումանիտար խնդիրների սրման հետևանքով»։

«Նաև տարածաշրջանում քրեածին իրավիճակի վրա բացասական ազդեցություն են գործում թմրամիջոցների անվերահսկելի շրջանառությունը և զենքի ապօրինի տարածումը», - նշել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը:

  • Կիսվել: