երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերում Մինսկի դիրքորոշումն արմատական փոփոխությունների չի ենթարկվել. Բելառուսի ԱԳՆ

ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերում Մինսկի դիրքորոշումն արմատական փոփոխությունների չի ենթարկվել. Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերում Մինսկի դիրքորոշումն արմատական փոփոխությունների չի ենթարկվել․ Բելառուսը հանդես է գալիս բոլոր վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն:

Նշվում է, որ Մակեյը, մասնավորապես, ասել է. ՛՛Արմատապես ոչինչ չի փոխվել։ Մենք միշտ ենք հանդես եկել բոլոր վեճերն ու հակամարտությունները խաղաղ կարգավորելու օգտին։ Նրա օգտին, որ եթե կազմակերպություն է ստեղծվում, ուրեմն այն պետք է արդյունավետ գործի՛՛:

Նրա խոսքով՝ Մինսկը կողմ է, որ ՀԱՊԿ անդամ երկրները օգնեն միմյանց, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, երբ անհիմն ճնշում է գործադրվում այս կամ այն երկրի վրա: Նա ավելացրել է, որ Մինսկն առայժմ նման աջակցություն չի տեսնում։

Պատասխանելով հարցին՝ արդյոք հիմա ՀԱՊԿ-ը ճգնաժա՞մ է ապրում` հաշվի առնելով մի շարք ռազմական հակամարտությունները, որոնցում ներգրավված են կազմակերպության մասնակիցները, նախարարն ասել է, որ ցանկացած կազմակերպություն ենթակա է որոշակի ճգնաժամերի՝ կախված միջազգային իրավիճակի զարգացումից, այս կամ այն տարածաշրջանում տիրող իրավիճակից:

՛Չէի ասի, որ կազմակերպությունը ինչ-որ ճգնաժամ է ապրում, բայց կան որոշակի խնդրահարույց պահեր, որոնց մասին մենք պետք է անկեղծ խոսենք՛՛, - շեշտել է նա:

Բացի այդ՝ Բելառուսի արտգործնախարարն ասել է, որ ակնկալում է, որ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը վճռական ներդրում կունենա կազմակերպության կատարելագործման գործում։ Նա հավելել է, որ Մինսկն արդյունավետ բանակցություններ է ակնկալում։ 

՛՛Պետք է իսկապես հասնել այնպիսի վիճակի, որ մի շարք այլ ինտեգրացիոն կառույցներ, կազմակերպություններ (տարածաշրջանային, միջազգային) հաշվի նստեն ՀԱՊԿ-ի հետ՛՛,-նշել է Մակեյը:

Ըստ նախարարի` դրա համար պետք է ամեն ինչ անել, որպեսզի կազմակերպության ներսում կորպորատիվ համերաշխությունը գերիշխի, կողմերը փորձեն լսել միմյանց, պահպանեն անվտանգությունը ՀԱՊԿ տարածքում:

՛՛Ցավոք, միմյանց նկատմամբ բավականին շատ դժգոհություններ կան։ Պետք է այդ մասին բաց և անկեղծ խոսել, ինչպես դա անում են իսկական ընկերները։ Միայն այդպես կարելի է հասնել այն նպատակներին, որոնք դնում ես քո առջև՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: