հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ը պատասխան է պատրաստում հրադադարի առաջարկին

ՀԱՄԱՍ-ը պատասխան է պատրաստում հրադադարի առաջարկին

ՑԱՀԱԼ-ն ուժեղացրել է ավիահարվածները Գազայի հատվածի հարավում և կենտրոնում, այդ թվում՝ Խան Յունիսում, որն արդեն գտնվում է Իսրայելի պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ ՀԱՄԱՍ-ի զինյալներն ուժեղացրել են հարձակումները իսրայելական զորքերի վրա հնարավոր հրադադարից առաջ: Խմբավորման ներկայացուցիչները հայտնել են, որ «խորհրդակցությունները հրադադարի առաջարկների վերաբերյալ եզրափակիչ փուլում են, և պատասխանը կտրվի առաջիկայում»,- գրում է Euronews-ը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նորից մեկնել է Մերձավորարևելյան շրջագայության, որը հինգերորդն է պատերազմի սկզբից ի վեր: ԱՄՆ Սենատն օրինագիծ է պատրաստել, որը նախատեսում է 14,1 միլիարդ դոլար հատկացնել Իսրայելին և 10 միլիարդ դոլար հումանիտար օգնություն՝ Գազայի բնակչությանը։

Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն էլ մեկնել է Եգիպտոս, որտեղ հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է հրադադարին և «դատապարտում է պաղեստինցի բնակչության բռնի տեղահանումը Եգիպտոսի հետ սահման»։

«Մենք աշխատում ենք հրադադարի ուղղությամբ, սակայն պետք է նաև պատրաստվենք Գազայում Պաղեստինի ինքնավարության իշխանության վերահաստատմանը»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է զինադադարի մասին Փարիզյան համաձայնագիրը՝ Գազայից իսրայելական զորքերի դուրսբերման կետի բացակայության պատճառով: Սակայն ավելի ուշ խմբավորման ներկայացուցիչները հերքել են այդ տեղեկությունը։

Ենթադրվում է, որ պատանդներին ազատ արձակելու դիմաց (ՀԱՄԱՍ-ի գերության մեջ է գտնվում 130 մարդ) նրանք կպահանջեն իսրայելական բանտերից ազատել ավելի շատ պաղեստինցու, քան նշված է համաձայնագրում:

  • Կիսվել: