ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ի պատճառով Գազայում հրադադարի մասին գործարք դեռ չկա. Բլինքեն

ՀԱՄԱՍ-ի պատճառով Գազայում հրադադարի մասին գործարք դեռ չկա. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մերձավորարևելյան հերթական շրջագայությունն ավարտել է Իսրայելում տեղի ունեցած բանակցություններով: Սա նրա յոթերորդ այցն է տարածաշրջան անցյալ տարվա հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից ի վեր:

Երուսաղեմում Բլինքենը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հանդիպել է նաև Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդին։ Չորեքշաբթի Թել Ավիվում ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ և հայտարարել.

«Մենք վճռական ենք՝ հասնելու հրադադարի, որը հնարավորություն կտա պատանդներին տուն վերադարձնել, և մենք դա հիմա անում ենք: Միակ պատճառը, որ չի հաջողվում դրան հասնել, ՀԱՄԱՍ-ն է»:

Թել Ավիվում Բլինքենը հանդիպել է նաև ցույցի դուրս եկած պատանդների հարազատների հետ։

Ըստ դիտորդների՝ կողմերը հեռու են մեկ առանցքային հարցի շուրջ համաձայնությունից՝ արդյոք պատերազմը պե՞տք է ավարտվի նոր գործարքի շրջանակում:

Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ վարչապետը մտադիր է Ռաֆահում ռազմական գործողություն սկսել՝ անկախ նրանից՝ հրադադարի մասին համաձայնագիր կկնքվի՞, թե՞ ոչ:

  • Կիսվել: