երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Հակասական մոտեցումներ Արևմուտքի մատակարարած զենքով Ռուսաստանի ներսում հարվածելու վերաբերյալ

Հակասական մոտեցումներ Արևմուտքի մատակարարած զենքով Ռուսաստանի ներսում հարվածելու վերաբերյալ

Արևմուտքը միասնական չէ իր մատակարարած զենքով Ռուսաստանի ներսում հարված հասցնելու՝ Ուկրաինայի մտադրության հարցում:

Կիևին պետք է թույլ տրվի արևմտյան զենք օգտագործել, որպեսզի «չեզոքացնի» այն ռազմակայանները, որոնցից Ռուսաստանն իր հրթիռներն է արձակում Ուկրաինայի տարածքի ուղղությամբ: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Միևնույն ժամանակ, Մակրոնն ընդգծել է, որ Ուկրաինային չպետք է թույլ տրվի խոցել «Ռուսաստանում այլ թիրախներ և, ակնհայտորեն, քաղաքացիական օբյեկտներ»:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նշել է, որ Ուկրաինան, միջազգային իրավունքի տեսանկյունից, ունի բոլոր հնարավորությունները այն ամենի համար, ինչ անում է։ «Քանի դեռ Ուկրաինան հարգում է զենք մատակարարող երկրների, ներառյալ՝ ԱՄՆ-ի, պայմանները և միջազգային իրավունքը, Կիևին  թույլատրվում է պաշտպանվել»,- ասել է կանցլերը:

Ըստ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ այս հարցում Միության ներսում կոնսենսուս չկա: Եվրամիության մի շարք երկրներ համաձայն են, մի մասն էլ՝ ոչ, վերացնելու այն սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս Ուկրաինային արևմտյան զենքով թիրախավորել Ռուսաստանի ռազմական օբյեկտները:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցում պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները դեմ է Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների վրա հարձակումների համար Ուկրաինային մատակարարվող զենքի կիրառմանը:

«Այս հարցում մեր քաղաքականության մեջ փոփոխություններ չկան: Մենք չենք խրախուսում ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին հարվածելու համար զենքի օգտագործումը, և դա թույլ չենք տալիս»,- ընդգծել է նա։

Խնդրի շուրջ բանավեճը նոր ընթացք է ստացել մայիսի 24-ին, The Economist ամսագրի հետ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հարցազրույցից հետո, երբ Ենս Ստոլտենբերգն ասել է, որ դաշինքի անդամները պետք է թույլ տան, որ Ուկրաինան արևմտյան զենքով հարվածի Ռուսաստանի խորքերին:

  • Կիսվել: