Հաջիևը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի վերաբերյալ լուրերի մասին
Աշխարհաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանում իրավիճակը չափազանց բարդ է։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմաթ Հաջիևը:
՛՛Բաքվից 200 կիլոմետր հարավ մոլեգնում է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև պատերազմը, ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է 200 կիլոմետր հյուսիս՛՛,-նշել է նա:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ մեկնաբանելով Իրանի դեմ իսրայելական Մոսադի կողմից Ադրբեջանի տարածքն օգտագործելու մեղադրանքները՝ Հաջիևը նշել է, թե պաշտոնական Բաքուն Իրանը համարում է եղբայրական երկիր։
«Մեր եղբայրներն ապրում են սահմանի մյուս կողմում՝ Արաքս գետից այն կողմ։ Նախ, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար հիմնարար սկզբունքներ են։ Երկրորդ, Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել հարևան երկրի դեմ։ Երրորդ՝ մենք բարոյական պարտականություն ունենք այնտեղ ապրող մարդկանց նկատմամբ։ Ինչպես ասացի՝ սահմանի մյուս կողմում ապրողները, անկախ իրենց ազգությունից և կրոնից, մեր եղբայրներն են։ Ինչպե՞ս կարող ենք դա թույլ տալ։ Չորրորդ՝ ինչպե՞ս է դա տեխնիկապես հնարավոր, ինչպե՞ս են նրանք այստեղ հասնելու Իսրայելից։ Նրանք պետք է անցնեն Թուրքիայի միջով։ Ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը դա թույլ չեն տա։ Այստեղ կեղտոտ քարոզչության տարրեր կան»,-նշել է նա:



