Գվինեա Բիսաուի մայրաքաղաքն ամբողջությամբ գրավված է զինվորականների կողմից
Գվինեա Բիսաուի մայրաքաղաքն ամբողջությամբ զինվորականների տիրապետության տակ է: Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են Գվինեա Բիսաուում Ռուսաստանի դեսպանությունից՝ հավելելով, որ հաստատությունների, բանկերի, շուկաների, խանութների աշխատանքը դադարեցվել է։
Դեսպանությունից, մասնավորապես, հայտնում են. «Այս պահին մայրաքաղաքն ամբողջությամբ զինվորականների տիրապետության տակ է։ Քաղաքի կենտրոնում առանձին ճանապարհներ ամբողջ երկայնքով փակ են, այդ թվում՝ ոստիկանության արագ արձագանքման ստորաբաժանումների կողմից։ Քաղաքից դուրս եկող և օդանավակայան տանող ճանապարհին անցակետեր են դրված։ Բոլոր խաչմերուկներում բազմաթիվ ռազմական պարեկներ են, երբեմն հանդիպում են ոստիկանության անցակետեր։ Փողոցներն ամայի են։ Հաստատությունների, բանկերի, շուկաների, խանութների աշխատանքը դադարեցված է»:
Դեսպանությունից նաև նշել են, որ ավտոմոբիլային տրանսպորտը՝ ներառյալ դիվանագիտական համարանիշներով մեքենաները, զննվում են:
«Զինվորականները քաղաքավարի, բայց համառորեն պահանջում են իջեցնել ապակիները հետևի նստատեղերը ստուգելու համար։ Բացի այդ, քաղաքի փողոցներում հայտնվել են առանց համարանիշների, մգացված ապակիներով ամենագնացներ»,- հավելել են դիվանագիտական ներկայացուցչությունում և հավելել, որ ինտերնետի երկու օպերատորներից աշխատում է միայն մեկը՝ «Orange»-ը, սակայն ռազմական հրամանատարության ներկայացուցիչները սպառնում են փակել նաև կապի այդ ալիքը, իսկ TikTok–ը և Facebook–ն արդեն իսկ արգելափակված են:


