ուրբաթ, հուլիս 5
5 / 7 / 2024
Գուտերեշը, Պուտինը, Ծինփինն ու այլ պաշտոնյաներ ժամանել են Աստանա՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին

Գուտերեշը, Պուտինը, Ծինփինն ու այլ պաշտոնյաներ ժամանել են Աստանա՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ու Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը ժամանել են Ալմաթի՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ Այդ մասին տեղեկանում ենք Kazinform գործակալությունից։ 

Հուլիսի 3-ին Ղազախստանի նախագահի նստավայրում արդեն կայացել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը Չինաստանի գործընկերոջ՝ Սի Ծինփինի հետ։ Վերջինս Ղազախստանում է պետական այցով։ 

ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին Աստանայում։ Մասնակիցները կքննարկեն քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար փոխգործակցության արդի հարցերի լայն շրջանակ։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2011 թվականին։ ՇՀԿ անդամ է 9 երկիր՝ Ղազախստան, Հնդկաստան, Իրան, Չինաստան, Ղրղզստան, Պակիստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան։

 

Այս գագաթնաժողովին Բելառուսը կդառնա ՇՀԿ լիիրավ անդամ:

Ներկայում ՇՀԿ տարածաշրջանի բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության գրեթե կեսը, նրա տարածքը զբաղեցնում է երկրագնդի ցամաքի մոտ մեկ քառորդը, իսկ ընդհանուր ՀՆԱ-ն գերազանցում է 23 տրիլիոն դոլարը: Փորձագետների կարծիքով՝ կազմակերպության նկատմամբ համաշխարհային հանրության հետաքրքրությունն աճել է, հատկապես՝ միջազգային իրավիճակի վատթարացման ֆոնին։

Կառույցն ապահովում է անդամ երկրների միջև համագործակցության իրականացումը տարբեր ոլորտներում՝ տարածաշրջանային անվտանգություն, տնտեսական զարգացում, բարիդրացիական հարաբերությունների և փոխվստահության խթանում:

Հայաստանի Հանրապետությունը 2016 թվականից ունի Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։

  • Կիսվել: