կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ղրղզստանը կօգտագործի Վրաստանով անցնող «Միջին միջանցքը»

Ղրղզստանը կօգտագործի Վրաստանով անցնող «Միջին միջանցքը»

Ղրղզստանը միանում է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքին (Միջին միջանցք), որն անցնում է նաև Վրաստանով, Bpn.ge լրատվականի փոխանցմամբ՝ հայտարարել է Ղրղզստանի նախարարների կաբինետի փոխնախագահ Բակիտ Տորոբաևը։

 

Ըստ հաղորդագրության՝ Ղրղզստանը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքը (TITC) կօգտագործի երկրից և Չինաստանից Եվրոպա բեռների ավտոմոբիլային ու երկաթուղային փոխադրման համար։

«Այս երթուղին կդառնա տարածաշրջանների միավորման ևս մեկ հիմք՝ ոչ միայն ապահովելու համար նրանց տնտեսական աճը, այլև՝ տնտեսական անվտանգությունը»,- ասել է Տորոբաևը։

 

Նա նաև հավելել է, որ Ղրղզստանն ակտիվորեն աշխատում է նոր ճանապարհների կառուցման և գործող տրանսպորտային զարկերակների արդիականացման վրա՝ միջազգային խոշոր տրանսպորտային ցանցերում ինտեգրվելու համար. «Մեր նպատակն է ստեղծել կայուն և արդյունավետ ենթակառուցվածք, որը կնպաստի Ղրղզստանի տնտեսության զարգացմանը և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների միջև առևտրային հարաբերությունների խորացմանը»:

Ի դեպ, 2024 թվականի հունվարի 28-ին «Վրացական երկաթուղիներ»-ի նախագահությամբ, Թուրքիայում Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու («Միջին միջանցք») Գլխավոր ասամբլեայի հերթական աշխատանքային հանդիպումն է կայացել, նման հանդիպու կայացել էր նաև 2023 թվականի հոկտեմբերին: Ղազախստանի Ակտաու նավահանգստային քաղաքում հավաքվել են Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի և Ռումինիայի երկաթուղային և ծովային ընկերությունների ներկայացուցիչները։

Հատկանշական է, որ վերջին 3 տարում «Միջին միջանցքով» փոխադրվող բեռների ծավալն ավելանում է։ Հետազոտական ​​ինստիտուտի՝ FPRI-ի տվյալներով, բեռնափոխադրումները 2020 թվականին 350 հազար տոննայից 2021 թվականին հասել են 530 հազար տոննայի:

  • Կիսվել: