Ղազախստանը ջրհեղեղների պատճառով չեղարկել է Աստանայի միջազգային ֆորումը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում լայնածավալ ջրհեղեղներով պայմանավորված միջոցները խնայելու անհրաժեշտությունից ելնելով՝ չեղարկել է այս տարվա հունիսի 13-14-ը նախատեսված Աստանայի միջազգային համաժողովը։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանում աննախադեպ ջրհեղեղի պատճառով առաջացած լայնածավալ ավերածությունների հետևանքները վերացնելու և քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական միջոցներ խնայելու անհրաժեշտությունից ելնելով՝ որոշել է չեղարկել Աստանայի միջազգային ֆորումը»,- նշված է նախագահի մամուլի ծառայության Telegram ալիքում։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս է հայտնել, որ միջոցառմանը հրավիրված մասնակիցները ըմբռնումով կվերաբերվեն այս որոշմանը։ Նշվում է, որ Աստանայի միջազգային ֆորումը աշխատանքը կվերսկսի 2025 թվականին։