ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկրի 11 տարածաշրջաններում կկառուցվի 20 նոր և կվերակառուցվի 15 գործող ջրամբար. դա կնվազեցնի հեղեղումների վտանգները։ Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Մարտից Ղազախստանում տեղի են ունենում 80 տարվա ընթացքում ամենամասշտաբային հեղեղումները։ Մի շարք տարածաշրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն։

«Մենք պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար արդյունավետ համակարգ ստեղծելու դժվարին խնդիրը: Հարկավոր է իրապես վերակառուցել պետության և գիտության փոխգործակցությունը՝ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու բնական աղետների դեմ պայքարելու համար», - ասել է Տոկաևն ապրիլի 25-ին Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի նիստի ժամանակ:

Նախագահը հայտնել է, որ իր հանձնարարությամբ Տարազում վերականգնվում է Ղազախստանի հիդրոմելիորացման և շինարարական ինստիտուտը և ուժեղացվելու է Ալմաթիի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու կլիմայի փոփոխության ուսումնասիրությանն ու զսպմանը։ Ղազախստանի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է վերակազմակերպել ամբողջ ջրային տնտեսության կառավարման համակարգը։

Հեղեղումների պատճառով  ավելի քան 100 000 մարդ է տարհանվել, տասնյակ բնակավայրեր կտրվել են արտաքին աշխարհից, հեղեղվել են հազարավոր բնակելի տներ։

  • Կիսվել: