շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Ղազախստանում կարմրուկից երկու երեխա է մահացել

Ղազախստանում կարմրուկից երկու երեխա է մահացել

Ղազախստանում գրանցվել է կարմրուկի պատճառով նորածնի մահվան երկու դեպք, հայտնել է առողջապահության փոխնախարար, հանրապետության գլխավոր պետական ​​սանիտարական բժիշկ Այժան Էսմագամբետովան։

«Ինչ վերաբերում է մահացու դեպքերին, երկու մահացու դեպք է գրանցվել՝ Աստանայում և Արևելյան Ղազախստանի շրջանում, դրանք մինչև մեկ տարեկան երեխաներ են, այսինքն՝ պատվաստումների տարիքը չլրացած երեխաներ»,- ասել է Էսմագամբետովան՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Նրա խոսքով՝ ևս 15 երեխա գտնվում է ծանր վիճակում։

Ղազախստանի հանրային առողջության ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը հայտնել է, որ տարեսկզբից հանրապետությունում պաշտոնապես գրանցվել է կարմրուկով վարակման 26815 դեպք, դեկտեմբերի 18-ից 24-ը գրանցվել է 2373 նոր դեպք։

Ղազախստանում նոյեմբերի 6-ին անբարենպաստ համաճարակային իրավիճակի պատճառով կարմրուկի դեմ լրացուցիչ զանգվածային իմունիզացիա է սկսվել։

  • Կիսվել: