շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ղազախստանում ցուցարարները ներխուժել են հիվանդանոց և կրակահերթ արձակել

Ղազախստանում ցուցարարները ներխուժել են հիվանդանոց և կրակահերթ արձակել

Ալմաթիում զինված ցուցարարները ներխուժել են թիվ 7 հիվանդանոց, օգնություն պահանջել իրենց վիրավոր զինակիցների համար, ապա կրակել հարկում, որտեղ գտնվում է վերակենդանացման բաժանմունքը, տեղեկացնում է Sputnik Ղազախստանը:

Նշվում է, որ, ըստ ականատեսների վկայության, դեպքը տեղի է ունեցել հունվարի 7-ին։ Բժիշկները համաձայնվել են օգնել տուժածներին, սակայն հարձակվողները ստիպված են եղել նրանց թողնել հիվանդանոցում՝ ուժայինների ժամանման սպառնալիքի պատճառով։

Հայտնի է նաև, որ ավելի ուշ վիրավորները հանձնվել են ղազախական հատուկ ծառայություններին։

Հաղորդվում է, որ զինվորական անձնակազմը հերթապահում է հոսպիտալի տարածքում: Շտապօգնությունը չի աշխատում, նախատեսվում է, որ այն կվերսկսի աշխատանքը այսօր երեկոյան։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

  • Կիսվել: