շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ղազախստանի արտգործնախարարի ձերբակալության մասին լուրը չի հաստատվում

Ղազախստանի արտգործնախարարի ձերբակալության մասին լուրը չի հաստատվում

Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրտլեուի ձերբակալության մասին տեղեկությունը չի հաստատվում։ Ղազախական մի շարք լրատվամիջոցներ հերքում են լուրը։
Orda.kz կայքն ավելի վաղ հայտնել էր, որ ձերբակալվել են Նուրտլեուն, գործարար Հաջի Հաջիևը և Ազգային անվտանգության կոմիտեի մի քանի բարձրաստիճան աշխատակիցներ: Սակայն «Курсив»–ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ նախարարն աշխատավայրում է։
«Tengrinews», «КазТАГ» և մի շարք այլ լրատվամիջոցներ նույնպես պնդում են, որ լուրը կեղծ է։
Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան սոցիալական ցանցերում կոչ է արել պատասխանատվությամբ մոտենալ նման հաղորդագրությունների տարածմանը: Նա նշել է, որ որոշ պաշտոնական ԶԼՄ-ներով և անանուն տելեգրամյան ալիքներով չհաստատված տեղեկություններ են տարածվում պետական ծառայողների ձերբակալության մասին:
 
«Պետք է հիշել տվյալները ստուգելու, անմեղության կանխավարկածի սկզբունքի և լրագրողական էթիկայի մասին։ Աղմկոտ, սկանդալային մանրամասների հետևից ընկնելիս լրագրողները պետք է հաշվի առնեն, որ չհաստատված տեղեկությունը կարող է վնաս հասցնել քաղաքացիներին և նրանց մերձավորներին, արատավորել պատիվն ու արժանապատվությունը և զրպարտություն լինել», - գրել է Բալաևան:

  • Կիսվել: