Գերմանիայի ԱԳՆ-ն հանդես է եկել երկրում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայման օգտին
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պաշտպանել է Գերմանիայում ամերիկյան հեռահար հրթիռներ տեղակայելու մասին ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը՝ վկայակոչելով Ռուսաստանի կողմից Եվրոպայի անվտանգությանը սպառնացող վտանգը:
«Այսօր արտաքին քաղաքականություն վարելը նշանակում է գիտակցել, որ հույսի սկզբունքը մեզ չի պաշտպանի պուտինյան Ռուսաստանից», - գրել է Բերբոքը գերմանական Bild am Sonntag շաբաթաթերթի հոդվածում։
«Այժմ մեզ պաշտպանում է այն, որ մենք ներդրումներ ենք կատարում մեր անվտանգության և զինուժի մեջ ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում և Գերմանիայում: Դրա մեջ մտնում է նաև ԱՄՆ հեռահար սպառազինության համակարգեր տեղակայելու որոշումը»,- հավելել է նա:
Բերբոքն ընդգծել է, որ Գերմանիային անհրաժեշտ են մեխանիզմներ Ռուսաստանին զսպելու համար, որոնք կպաշտպանեն նաև ՆԱՏՕ-ի գործընկերներ Լեհաստանին, Ֆինլանդիային և Բալթյան երկրներին։
Հուլիսին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, Միացյալ Նահանգները և Գերմանիան պայմանավորվեցին 2026 թվականից գերմանական հողում ռոտացիոն հիմունքներով հեռահար զենքի համակարգեր տեղակայել:
Համաձայնագրի շրջանակներում ամերիկյան հեռահար թևավոր հրթիռները, ներառյալ SM-6-ը և Tomahawk-ը, 1990-ականների վերջից ի վեր առաջին անգամ կվերադառնան Գերմանիա:
Նախատեսվում է նաև Գերմանիայում տեղակայել հիպերձայնային, ավելի քան 2750 կիլոմետր հեռահարությամբ, ամերիկյան հրթիռներ, որոնք դեռ մշակման փուլում են։ Գերմանական Taurus թևավոր հրթիռներն ունեն մոտ 500 կիլոմետր հեռահարություն և արձակվում են ինքնաթիռից։ Tomahawk-ը կարող է արձակվել գետնից կամ նավերից և ունի մինչև 2500 կիլոմետր հեռահարություն:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է որոշումը՝ ասելով, որ այն լիովին համապատասխանում է Գերմանիայի ազգային անվտանգության ռազմավարությանը: Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն իր դժգոհությունն է հայտնել՝ ասելով, որ այդ գործողություններն ուղղված են Ռուսաստանի անվտանգությանը վնասելուն։
Որոշումը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել Բեռլինում։ Մի քանի կուսակցություններ, այդ թվում՝ կանցլեր Օլաֆ Շոլցի ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատները, քննադատել են ծրագիրը և կոչ արել այն փոխանցել Բունդեսթագ՝ քննարկելու համար։