շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գերմանիան չի կարողանա միայնակ զենք մատակարարել Ուկրաինային․ կանցլեր

Գերմանիան չի կարողանա միայնակ զենք մատակարարել Ուկրաինային․ կանցլեր

 Եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ի երկրները դադարեն ռազմական մատակարարումներով աջակցել Ուկրաինային, Գերմանիան միայնակ չի կարողանա դա անել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է երկրի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագում 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ։
 
Շոլցը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կկարողանա հասնել նրան, որ Կիևին լրացուցիչ օգնություն տրամադրելու գործարքը կնքվի, իսկ Եվրամիության երկրները վաղը կայանալիք արտահերթ գագաթնաժողովում կաջակցեն Ուկրաինային օգնության քառամյա ծրագրին, որի շրջանակում նախատեսված է 50 մլրդ եվրո հատկացնել:
 
«Բայց մի րոպե պատկերացրեք, որ դա չհաջողվի։ Եվ այդ ժամանակ Գերմանիան կդառնա Ուկրաինային զենքով ապահովող` աշխարհի խոշորագույն մատակարարը։ Մենք պետք է միջազգային մակարդակով ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա։ Մեծամտություն կլինի կարծել, որ մենք միայնակ գլուխ կհանենք», - ասել է Գերմանիայի կանցլերը։
 
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։

  • Կիսվել: