չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին

Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին

Գազայի բնակիչները հայտնել են, որ ՄԱԿ-ի դպրոցներից մեկի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Կան նաև վիրավորներ։ Դպրոցում պատսպարված էին հարյուրավոր տեղահանված անձինք։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Իսրայելի ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ հարված է հասցրել դպրոցին, որտեղ գտնվում էր պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման օբյեկտներից մեկը։ Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) հայտարարության՝ կործանիչները «ճշգրիտ հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտին», որը տեղակայված էր Նուսեյրաթի փախստականների ճամբարում գտնվող ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության (ՄԱՕԱԳ - UNRWA) դպրոցներից մեկում։

ԻՊԲ-ն նշում է, որ վերացրել է ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի զինյալներին, որոնք պատասխանատու են հոկտեմբերի 7-ին Իսրայել ներխուժման համար։

Տեղի լրագրողները BBC-ին հայտնել են, որ իսրայելական ռազմական ինքնաթիռը երկու հրթիռ է արձակել դպրոցի վերջին հարկի դասարանների վրա։

ՀԱՄԱՍ-ի լրատվական ծառայությունը հայտնել է 27 զոհի մասին։ Ըստ ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի այն պնդումները, թե դպրոցում էր գտնվում իրենց հրամանատարական կետը, չեն համապատասխանում իրականությանը։

2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ առևանգվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, զոհվել է գրեթե 36 600 մարդ։

  • Կիսվել: