երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են

Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են

Գազայի հատվածում լարվածությունը պահպանվում է. ակտիվ գործողություններ են հյուսիսային Ջաբալիա քաղաքում: Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ իսրայելցի զինվորականները ՀԱՄԱՍ-ի զինյալների փոխարեն սխալմամբ իրենց զինակիցների վրա են կրակ բացել, կան զոհեր, այժմ հետաքննություն է անցկացվում:

Չնայած միջազգային հանրության, այդ թվում՝ Վաշինգտոնի մտահոգություններին և կոչերին՝ բախումները շարունակվում են Եգիպտոսին սահմանակից Ռաֆահ քաղաքում, որտեղ հարյուր հազարավոր փախստականներ կան: Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարավային այդ քաղաք լրացուցիչ զորքեր են ուղարկվում՝ վերջնականապես ոչնչացնելու ՀԱՄԱՍ-ի ներուժը: Յոավ Գալանտի խոսքով՝ ՑԱՀԱԼ-ը զինյալներին պատկանող ևս մի քանի թունել է հայտնաբերել:

Ռազմական գործողություններին զուգահեռ սրվում է Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը: Ամերիկյան կողմը հայտնել է ժամանակավոր լողացող նավամատույցի գործարկման մասին, որի միջոցով հնարավոր կլինի մարդասիրական օգնություն առաքել կարիքավորներին։ Սպիտակ տան տվյալով՝ առաջիկայում ԱՄՆ-ը նավամատույցով վառելիք և այլ աջակցություն կուղարկի Գազայի հատված:

  • Կիսվել: