Գազայի համաձայնագիրը չի լուծի պաղեստինյան հարցը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ կլինի Իսրայելի և Համասի միջև կնքված համաձայնագրերը դիտարկել որպես պաղեստինյան հարցը լուծող փաստաթուղթ։
«Սխալ կլինի այս համաձայնագիրը դիտարկել որպես պաղեստինյան հարցը լուծող փաստաթուղթ։ Այս համաձայնագիրը, ըստ էության, հրադադար է։ Մեր կարծիքով, պաղեստինյան հարցի միակ լուծումը 1967 թվականի սահմաններում անկախ, ինքնիշխան և աշխարհագրորեն միասնական պաղեստինյան պետության ստեղծումն է, որի մայրաքաղաքը Արևելյան Երուսաղեմն է», - Եգիպտոսից վերադառնալուն պես լրագրողներին ասել է Էրդողանը։
Նա նշել է, որ «Թուրքիան, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա վճռականորեն կհետապնդի այդ նպատակը»։ «Մենք պետք է երաշխավորենք, որ իսրայելական կառավարությունը կկատարի իր խոստումները, քանի որ այս հարցում իսրայելական կողմի հեղինակությունը չափազանց անբավարար է։ Ես վստահ եմ, որ նրանք, ովքեր ազդեցություն ունեն Իսրայելի վրա, հատկապես ԱՄՆ-ն, կշարունակեն անել անհրաժեշտ ամեն ինչ», - հավելել է նա։


