երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
G7-ի ֆինանսների նախարարները կաջակցեն ռուսական ակտիվներից եկամուտների փոխանցմանը Ուկրաինա. Reuters

G7-ի ֆինանսների նախարարները կաջակցեն ռուսական ակտիվներից եկամուտների փոխանցմանը Ուկրաինա. Reuters

G7-ն առաջընթաց է գրանցել ռուսական ակտիվներից ստացած շահույթն Ուկրաինային օգնելու համար օգտագործելու հարցում` գրում է Reuters-ը: Ակտիվները կմնան սառեցված մինչև փոխհատուցման վճարումը։ Իտալիայում կայացել է Մեծ յոթնակի երկրների ֆինանսների նախարարների ու կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը:

Մեծ յոթնյակի երկրները գրեթե համաձայնության են եկել, թե ինչպես օգտագործել Արևմուտքում սառեցված ռուսական արժութային պահուստները՝ 285 միլիարդ դոլարը, Ուկրաինային օգնելու համար: Հստակ մեխանիզմը G7-ի ղեկավարները կհաստատեն երեք շաբաթից, Իտալիայում կայանալիք գագաթնաժողովում: Բայց արդեն պարզ է՝ Ուկրաինայի օգտին բռնագանձում չի լինի, բայց Ռուսաստանն էլ երբեք չի ստանա այդ գումարը` գրում է BBC-ն։

Ֆինանսների և բանկերի ղեկավարների հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ասվում է, որ Արևմուտքը պատրաստվում է վերցնել ոչ թե ակտիվները, այլ դրանց ներդրումներից ստացված տոկոսները։

Եվրոպայում սառեցված փողերը տարեկան մի քանի միլիարդ դոլարի շահույթ են բերում, ինչն Ուկրաինայի համար կաթիլ է օվկիանոսում: Կիևին տասնյակ միլիարդներ են պետք ոչ միայն ռազմական, այլև սոցիալական ծախսերի և պատերազմի հետևանքով ավերվածը վերականգնելու համար։ Ուստի ԱՄՆ-ն առաջարկել է մի սխեմա, որը թույլ կտա Ուկրաինային անմիջապես, որպես կանխավճար, ստանալ մոտ 50 միլիարդ դոլար: Ենթադրվում է, որ կանխավճարը կտրվի վարկի տեսքով՝ ռուսական խնայողությունների ապագա տոկոսների գրավադրմամբ:

Այսպիսով, ըստ BBC-ի, մի կողմից կփակվի Եվրոպայի համար ցավոտ՝ բուն ակտիվների բռնագրավման հարցը, մյուս կողմից, Ուկրաինային օգնությունը ապահովագրված կլինի Ամերիկայում տրամադրությունների փոփոխությունից՝ հաջորդ տարվա հունվարին անկանխատեսելի Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն հնարավոր վերադարձի դեպքում։

Ռուսաստանն իր արդեն առգրավված գումարների հետ կապված գործողությունն անվանել է «գողություն» և խոստացել է համարժեք պատասխան տալ:

  • Կիսվել: