կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
G7-ի երկրներն այսօր կհայտարարեն Ուկրաինային անվտանգության միջազգային երկարաժամկետ երաշխիքների մասին

G7-ի երկրներն այսօր կհայտարարեն Ուկրաինային անվտանգության միջազգային երկարաժամկետ երաշխիքների մասին

«Մեծ յոթնյակ»-ի (G7) անդամ երկրների առաջնորդներն այսօր կհայտարարեն Ուկրաինայի նկատմամբ անվտանգության միջազգային երկարաժամկետ երաշխիքների մասին, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի գծով ավագ տնօրեն Ամանդա Սլոաթը։

«Նախագահ Բայդենը և G7-ի ղեկավարները, Զելենսկու հետ, այսօր կեսօրին կարևոր հայտարարություն կանեն՝ ուրվագծելով Ուկրաինայի ժողովրդին աջակցելու մեր երկարաժամկետ հանձնառությունը», - ասել է նա։

«Բացի այդ, կհայտարարվի G7 երկրների ծրագրերի մասին՝ օգնելու Ուկրաինային ստեղծել զինված ուժեր, որոնք կարող են պաշտպանել իրենց և կանխել ապագա հարձակումները», - հավելել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան:

Նա մանրամասնել է, որ G7 երկրների և Ուկրաինայի միջև բանակցությունների շարքը կսկսվի այսօր՝ անվտանգության երկկողմ երաշխիքներ ձեռք բերելու համար։

«Մեծ յոթնյակ»-ի հռչակագիրը Կիևին անվտանգության երաշխիքների մասին, ամենայն հավանականությամբ, կվավերացվի այսօր՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, հաղորդում է Sky News-ը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակին հղումով։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ փաստաթուղթը նախատեսում է ռազմական տեխնիկայի տեղաբաշխում, հետախուզական տվյալների փոխանակման ուժեղացում, Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողների վերապատրաստման ծրագրերի ընդլայնում, ինչպես նաև Ուկրաինայի արդյունաբերական հզորությունների զարգացում։

  • Կիսվել: