«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատորը հայտնել է կայանի երկրորդ էներգաբլոկում 25 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսքի մասին
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power ընկերությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հայտնել է կայանի երկրորդ էներգաբլոկում 25 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսքի մասին։ Այս մասին տեղեկանում ենք գործակալության կայքում հրապարակված հաղորդագրությունից:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն իրազեկված է, որ 2024 թվականի օգոստոսի 9-ին TEPCO ընկերությունը ջրի արտահոսք է հայտնաբերել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի 2-րդ էներգաբլոկում, որի հետևանքով օգտագործված վառելիքի հովացման համակարգի պոմպային բաժանմունքից և ջերմափոխանակիչի սրահից արտահոսել է մոտ 25 տոննա ջուր»:
Նշվում է նաև, որ ջուրը կոյուղու համակարգերով լցվել է նկուղային հարկաբաժին։
Որպես նախազգուշական միջոց՝ TEPCO-ն դադարեցրել է օգտագործված վառելիքի առաջնային հովացման պոմպի աշխատանքը՝ պատճառն ուսումնասիրելու համար, ինչպես նաև գնահատել է ավազանում ջերմաստիճանի մակարդակը: TEPCO-ն հաստատել է, որ ջերմաստիճանը նորմալ միջակայքում է։