հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆրանսիայում ստորագրահավաք են նախաձեռնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատելու կոչով. Le Point

Ֆրանսիայում ստորագրահավաք են նախաձեռնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատելու կոչով. Le Point

Ֆրանսիական Le Point հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակման գործընթացը ձգձգելու, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ֆրանսիայի միջնորդությամբ խնդրին լուծում տալուն:

Ստորև որոշակի կրճատումներով թարգմանաբար ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձը. 

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի մասին հայտարարությունից 4 ամիս անց Բաքվի ռեժիմը դեռ հրաժարվում է իրականացնել հիմնական մարդասիրական դրույթներից մեկը, այն է՝ ռազմագերիների ազատումը: Մոտավոր հաշվարկներով` ներկայում մոտ 200 մարդ շարունակում է կալանավորված մնալ բռնապետական երկրի բանտերում: Փետրվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ձերբակալվածներին համարում է «ահաբեկիչներ»՝ հիմնավորելով, որ նրանց ձերբակալությունը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի հայտարարություն ստորագրումից հետո: Սակայն այդ զինվորները հրադադարի կնքման պահին շրջափակված են եղել ռազմական գործողությունների հիմնական ճակատներից մեկում՝ Հադրութում, որը այդ ժամանակ օկուպացրել էին թուրք-ադրբեջանա-ջիհադիստական ուժերը:

Ստորագրված փաստաթղթի նկատմամբ Ադրբեջանի ղեկավարի այս անհարգալից վերաբերմունքը փշրում է 1915 թվականի Ցեղասպանությունից 100 տարի անց հայ ժողովրդի՝ իր նախնիների հողում մնալու և նորմալ կյանքին վերադառնալու հույսը: Դա կարող է մեկնաբանվել միայն որպես ատելության լրացուցիչ դրսևորում այս սուբյեկտների նկատմամբ, որոնց նախագահ Ալիևը խոստացել էր «որսալ շների նման»: Եվ սա է, որ 44 օր տևած ռազմական ագրեսիայից, ռմբակոծություններից և չարաշահումներից հետո, հանգեցրել է 3500 հայ զինծառայողի մահին և տասնյակ հազարավոր անձանց փախուստի»,- գրում է Le Point-ը:

Ֆրանսիական պարբերականը գրում է նաև, որ ադրբեջանցիների իրականացրած ռազմական հանցագործությունների համակարգված պրակտիկան՝ մահապատիժների, զինվորների, ազգությամբ հայ քաղաքացիական անձանց խոշտանգումների մասին պատմող տեսանյութերի ինքնագոհ տարածումը, դիակների խեղումներն ուղղակի ապացույցն է վերոնշյալի:

Ամփոփելով հոդվածը՝ պարբերականը, վկայակոչելով մի շարք քաղաքական գործիչների, փորձագետների նախաձեռնած կոչ-ստորագրահավաքը, շեշտում է, որ այն ստորագրողները խնդրում են Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիային, որը զբաղվում է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններով, օգտագործել իր ողջ իրավասությունը հայ ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու համար:

«Եթե ԵԱՀԿ կողմից մանդատ ստանձնած այս խումբը չի կարողացել կանխել պատերազմը կամ պաշտպանել զոհերին, ապա թող գոնե ապահովի զինադադարի այս հումանիտար կետի պահպանումը»,- ընդգծում է ֆրանսիական լրատվամիջոցը և հավելում՝ սա խնդիր է, որը, կարծես, բանակցային խաղաղության հաստատման նախապայման է:

«Միևնույն ժամանակ այս խնդիրը տարածաշրջանում բռնության նկատմամբ օրենքի գերակայության պայման է, որը պետք է հրաժարվի տոտալիտարիզմի, պանթյուրքիզմի և բարբարոսության բարքերից»,- եզրափակում է Le Point-ը:

Նշենք՝ ստորագրահավաքին արդեն իսկ միացել է 100-ից ավելի մարդ, այդ թվում՝ պատգամավոր Կլեմենտին Օտանը, հայազգի դերասաններ Սերժ Ավետիքյանը, Սիմոն Աբգարյանը, սենատորներ Սերժ Բաբարին, Ջերեմի Բաքին, Առնո Բազին, «Բժիշկներ առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Ժակ Բերեսը և այլք:

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

  • Կիսվել: