կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիայում և եվրոպական մի շարք երկրներում ֆերմերների ցույցերը կաթվածահար են արել երթևեկությունը

Ֆրանսիայում և եվրոպական մի շարք երկրներում ֆերմերների ցույցերը կաթվածահար են արել երթևեկությունը

 Ֆրանսիայում «Երիտասարդ ֆերմերների միությունը»  բողոքի ակցիայի շրջանակներում փակել է Փարիզ տանող հիմնական մայրուղիներից մեկը։ Այս մասին տեղեկանում ենք «France 24»-ից։

Ամբողջ Ֆրանսիայում ֆերմերները բազմաթիվ ճանապարհներ են փակել տրակտորներով և բեռնատարներով։  Ցուցարարները Մարսելի և Լիոնի A7 մայրուղում շաղ են տվել լոլիկի, կաղամբի և ծաղկակաղամբի մնացորդներ, կաթվածահար արել քաղաքների երթևեկությունը։

«Մեզնից անընդհատ պահանջում են նոր կանոնների հետևել, իսկ մենք գնալով ավելի քիչ ենք վաստակում, այլևս չենք կարողանում հոգալ մեր ընտանիքների ծախսերը», - ասել է ցույցի մասնակից, Կալվադոսի գյուղական միության անդամ Ժան Ժակ Պասկերելը France 24-ին։

Կառավարությունը նախատեսում է 15 000 ոստիկանի և ժանդարմի տեղակայել՝ ցույցերի ընթացքում կարգուկանոնը պահպանելու համար։

Ֆրանսիայի կառավարությունը խոստացել է բավարարել ակցիայի մասնակիցների պահանջներից մի քանիսը, մասնավորապես՝ մեղմացնել բնապահպանական օրենքները, հրաժարվել դիզելային վառելիքի հարկային արտոնությունները նվազեցնելու ծրագրերից։

ԵՄ նոր օրենսդրական կարգավորումները Գերմանիայում նույնպես բողոքի ալիք են բարձրացրել։ «Գերմանիայի ֆերմերների ասոցիացիայի» հաղորդագրության համաձայն՝ ավելի քան  100 000 տրակտորներ դուրս են եկել փողոց։

Բելգիայում ևս հունվարի 28-ին ֆերմերները տրակտորներով փակել են գլխավոր մայրուղիներից մեկը։ Նմանատիպ ցույցեր են տեղի ունեցել նաև Լեհաստանում, Ռումինիայում և Նիդեռլանդներում։

Գիտնականները փաստում են, որ կլիմայական պայմանները գնալով ավելի անբարենպաստ են դառնում ագարակների համար։ Եվրոպական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ հողատարածքների ավելի քան 80 %-ը վատ վիճակում է, իսկ որոշ մշակելի տարածքներ արդեն տուժել են ջրի պակասի և եղանակային կտրուկ փոփոխությունների պատճառով։

  • Կիսվել: