Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ արվարձաններից մեկի քաղաքապետի տունը հրդեհել են. տուժել են կինն ու մանկահասակ երեխաներից մեկը
Ոստիկանների կողմից Նանտերեում 17-ամյա դեռահասի սպանությունից հետո Ֆրանսիան համակած անկարգությունների ժամանակ Փարիզի արվարձաններից մեկի քաղաքապետի տունը հարձակման է ենթարկվել և այրվել, երբ նրա կինն ու երեխաները քնած են եղել ներսում, տեղեկացնում է Reuters-ը։
Փարիզի հարավային Լ՛Է-լե-Ռոզ արվարձանի քաղաքապետ, պահպանողական Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վինսենթ Ժանբրենը պատմել է, որ իր կինը և հինգ ու յոթ տարեկան երեխաներից մեկը վիրավորվել են, երբ վաղ առավոտյան լքել են շենքը։
Նա հայտնել է, որ միջադեպի ժամանակ ինքը եղել է քաղաքապետարանում, որը մի քանի գիշեր հարձակումների օբյեկտ է եղել և պաշտպանված է փշալարերով ու բարիկադներով։
՛՛01։30-ին, երբ ես, ինչպես նախկին երկու գիշերը, քաղաքապետարանում էի, մարդիկ ներխուժել են իմ տուն, որպեսզի այրեն այն, որտեղ քնած էին կինս և երկու փոքր երեխաներս: Փորձելով պաշտպանել նրանց և փրկվել հարձակվողներից՝ կինս և երեխաներիցս մեկը վնասվածքներ են ստացել՛՛,-իր թվիթերյան էջում գրել է քաղաքապետը:
Նշվում է նաեւ, որ տեղի դատախազը հայտնել է լրագրողներին, որ հետաքննություն է սկսվել մահափորձի փաստի առիթով։ Կասկածյալներից ոչ ոք չի ձերբակալվել։