ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ֆիլիպիններում փոթորիկը 155 մարդու կյանք է խլել

Ֆիլիպիններում փոթորիկը 155 մարդու կյանք է խլել

Ֆիլիպիններում մոլեգնող «Նալջի» արևադարձային փոթորիկն ազդել է ավելի քան 4,23 միլիոն մարդու վրա: Ըստ ռիսկերի կանխարգելման և տարերային աղետների վերացման ազգային խորհրդի տեղեկատվության՝ փոթորկի հետևանքով զոհվել է 155 մարդ:

Ներկայումս ավելի քան մեկ միլիոն տեղացիներ գտնվում են 1038 տարհանման կենտրոններում: Իրենց տներից նախապես հեռացել է ավելի քան 355,4 հազար մարդ։ Երկրի 13 շրջաններում գրանցվել է ավելի քան մեկուկես հազար միջադեպ՝ կապված տարերքի հարվածի հետ։ Դրանց թվում են սողանքներն ու ջրհեղեղները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փոթորիկը վնասել է 29,4 հազար տուն, ոչնչացվել է ավելի քան 3 հազար տուն։ Վնասը գնահատվում է 4,17 միլիարդ պեսո (71,37 միլիոն դոլար): Իշխանությունները հայտնում են 503 ճանապարհների և 199 կամուրջների վնասման մասին։ 359 քաղաքներում արձանագրվել են էլեկտրամատակարարման խնդիրներ, սակայն 252-ում դրանք արդեն հաջողվել է լուծել։ Ներկայումս 38 համայնքներում արձանագրվում են կապի, 11-ում՝ ջրամատակարարման հետ կապված խնդիրներ ։

666 ուսումնական հաստատություններում դասերն են դադարեցվել, իսկ 223 ձեռնարկություններում՝ աշխատանքը: 520 քաղաքների իշխանությունները աղետի ռեժիմ են սահմանել։ Կառավարությունն արդեն 159,7 միլիոն պեսո (2,73 միլիոն դոլար) է հատկացրել տուժածներին օգնելու համար:

 

  • Կիսվել: