չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եվրոպան չպետք է լինի ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Չինաստանի «հետևորդը»․ Մակրոն

Եվրոպան չպետք է լինի ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Չինաստանի «հետևորդը»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ Թայվանի հարցում Եվրոպան չպետք է  ոչ ԱՄՆ-ի և ոչ էլ Չինաստանի «հետևորդը» լինի՝ ընդգծելով, որ Եվրամիությունը կարող է ներքաշվել «ճգնաժամերի մեջ, որոնք մերը չեն»։

«Ամենավատը մտածելն է, թե մենք՝ եվրոպացիներս, պետք է հետևորդ լինենք ու հարմարվենք ամերիկյան ռիթմին կամ չինական չափազանց արձագանքին»,- մի շարք ԶԼՄ-ների, մասնավորապես՝  Les Echos-ին ու Politico-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը՝ ուրբաթ վերադառնալով Պեկին կատարած եռօրյա պաշտոնական այցից։

Վկայակոչելով ԵՄ «ռազմավարական ինքնավարության» իր իդեալը, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ «մենք պետք է հստակ գիտակցենք, որտեղ են մեր հայացքները հատվում ԱՄՆ-ի հետ, սակայն լինի դա Ուկրաինան, Չինաստանի հետ հարաբերությունները կամ պատժամիջոցները, մենք ունենք եվրոպական ռազմավարություն»։

Մակրոնը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ քննարկել է Թայվանի հարցը օրերս ՉԺՀ կատարած այցի ընթացքում, որի ժամանակ նրան պատվել են։

Ելիսեյան պալատից հայտնել են, որ բանակցությունները «խիտ ու անկեղծ» են եղել, և որ Ֆրանսիայի նախագահը մտահոգված է «տարածաշրջանում աճող լարվածությամբ», որը կարող է հանգեցնել «սարսափելի վթարի»։

  • Կիսվել: