շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրոպական Միությունը կփոխհատուցի հակառուսական պատժամիջոցների հետևանքով երրորդ երկրներին հասցված վնասը․ Բորել

Եվրոպական Միությունը կփոխհատուցի հակառուսական պատժամիջոցների հետևանքով երրորդ երկրներին հասցված վնասը․ Բորել

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կփոխհատուցի երրորդ երկրներին հասցված վնասը, եթե նման խնդիր առաջանա հակառուսական պատժամիջոցների հետևանքով։

«Պատժամիջոցների հետևանքները պետք է մանրակրկիտ չափվեն: Դրանք չպետք է ազդեն լոգիստիկ գործոնների վրա: Երեկ մենք շատ արդյունավետ քննարկում ունեցանք ուրույն խնդիրների շուրջ, որոնք կցանկանայինք շատ ուշադիր լուծել, բայց դրանք ուղղված չեն երրորդ երկրների տնտեսությանը: Եթե կան ուղեկցող որոշ հետևանքային վնասներ, մենք դրանք կփոխհատուցենք»,- ասել է Բորելը Աստանայում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն կարող է երաշխավորել, որ պատժամիջոցները չեն ազդի Ղազախստանի տնտեսության վրա։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ԵՄ-ն մեծացրել է պատժամիջոցային ճնշումը ՌԴ-ի վրա։ Ռուսաստանը բազմիցս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հակառուսական պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա։ Միևնույն ժամանակ Մոսկվան հայտարարել է, որ ՌԴ-ն կդիմակայի պատժամիջոցների ճնշմանը։

  • Կիսվել: