Եվրոպական մի քանի ավիաընկերություններ չեղարկել են չվերթերը դեպի Մերձավոր Արևելք
Եվրոպական մի քանի ավիաընկերություններ, այդ թվում՝ Lufthansa-ն և Air France-ը, հայտարարել են դեպի Իսրայել, Իրան, Լիբանան և մի շարք այլ երկրներ չվերթերի չեղարկման մասին, տեղեկացնում է The Times of Israel-ը:
Նշվում է, որ չեղարկումը կապված է Մերձավոր Արևելքում իրադրության սրման հետ:
Այսպես՝ Lufthansa-ն հայտարարել է դեպի Իրանի, Լիբանանի և Հորդանանի մայրաքաղաքներ, ինչպես նաև Թել Ավիվ և իրաքյան Էրբիլ թռիչքները մինչև օգոստոսի 21-ը ներառյալ չեղարկելու մասին։ Բացի այդ, այս ժամանակաշրջանում ավիաընկերության ինքնաթիռները չեն թռչելու Իրանի և Իրաքի օդային տարածքով։
Իր հերթին Swiss International Air Lines-ը նույնպես չեղարկել է բոլոր չվերթերը մինչև օգոստոսի 21-ը, բայց միայն դեպի Թել Ավիվ և Բեյրութ։ Այդ ընթացքում ընկերության ինքնաթիռները չեն օգտագործի Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքը:
Air France-ը և Transavia France-ը բոլոր չվերթերը Բեյրութ չեղարկել են մինչև օգոստոսի 14-ը։