կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն Ադրբեջանի ոստիկանությանը մեղադրել է ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն Ադրբեջանի ոստիկանությանը մեղադրել է ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն այսօր Ադրբեջանի ՆԳ նախարար Վիլայաթ Էյվազովին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում բնապահպանական բողոքի ցույցերը ճնշելու և մասնակիցների ձերբակալությունների վերաբերյալ:

Հանձնակատարը գրում է, որ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի և հատուկ տեխնիկայի կիրառումը մարդու իրավունքների լուրջ խախտում է։

Նա ընդգծել է իրավապահ մարմինների հաշվետվողականության կարևորությունը և մարդու իրավունքների ապահովման համար նրանց վերապատրաստելու անհրաժեշտությունը: Հաշվի առնելով բողոքի ակցիաների խաղաղ բնույթը՝ Միյատովիչը պահանջել է պարզաբանել խաղաղ ցույցերը ցրելու իրավական հիմքերը և հիմնավորումները, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ազգային արձանագրության համապատասխանությունը:

Հանձնակատարն ընդգծել է, որ բողոքի ակցիաներից հետո Սոյուդլու գյուղ մուտքի սահմանափակումները «լուրջ մտահոգություններ են առաջացնում տեղի բնակիչների մարդու իրավունքների, ներառյալ ազատ տեղաշարժի և գաղտնիության նկատմամբ հարգանքի վերաբերյալ»: Նա նշում է, որ այդ միջոցները խստորեն սահմանափակել են նաև անկախ լրագրողների, իրավապաշտպանների և փաստաբանների օրինական գործունեությունը։

Միյատովիչը տեղեկատվություն է խնդրել այս միջոցառումների իրավական հիմքերի և մարդու իրավունքների չափանիշներին դրանց համապատասխանության մասին:

  • Կիսվել: