Եվրախորհրդարանը պաշտպանել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու մասին բանաձևը
Եվրախորհրդարանը պաշտպանել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու մասին բանաձեւը, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Նշվում է, որ բանաձեւի քվեարկության արդյունքները հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլան։ Նա նշել է, որ ՛՛կողմ՛՛ է քվեարկել 637, ՛՛դեմ՛՛՝ 13, իսկ ՛՛ձեռնպահ՛՛՝ 26 պատգամավոր։
Մեթսոլան հայտնել է, որ բանաձեւն այժմ կփոխանցվի Եվրոպական միության համապատասխան որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող ինստիտուտներին եւ բոլոր անդամ երկրներին։
Բանաձեւը դատապարտում է ՛՛Ռուսաստանի Դաշնության անօրինական, չհիմնավորված եւ չարդարացված ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ, ինչպես նաեւ Բելառուսի մասնակցությունը այդ ագրեսիային՛՛:
Նշվում է նաեւ, որ բանաձեւը ՌԴ-ին կոչ է անում ՛՛անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Ուկրաինայում, անվերապահորեն դուրս բերել բոլոր ռազմական եւ կիսառազմական կազմավորումները եւ ռազմական տեխնիկան միջազգայնորեն ճանաչված Ուկրաինայի ողջ տարածքից՛՛: