շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ազատել Սելահաթին Դեմիրթաշին

Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ազատել Սելահաթին Դեմիրթաշին

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր եւ նախագահի նախկին թեկնածու Սելահաթին Դեմիրթաշին, ով ավելի քան չորս տարի անազատության մեջ է գտնվում՝ չհիմնավորված մեղադրանքներով, չնայած նրա ազատման օգտին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երկու որոշումների, փոխանցում է news.am-ը:
 
Նրանք նաեւ պահանջում են, որ հանվեն նրա եւ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության մյուս անդամների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքները:
 
Բանաձեւում նշվում է, որ Թուրքիայի շարունակական նահանջը դատական համակարգի անկախությունից եւ Թուրքիայի դատական մարմինների եւ իշխանությունների կողմից ՄԻԵԴ-ի վճիռները անտեսելը մտահոգություն են առաջացնում:
 
Բանաձեւը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել մարդու իրավունքների պաշտպանների, ակադեմիկոսների, լրագրողների, հոգեւոր առաջնորդների, փաստաբանների եւ ԼԳԲՏ համայնքի անդամների նկատմամբ քրեական հետապնդումները:
 
Եվրախորհրդարանականները շեշտում են, որ ՄԻԵԴ վճիռների պահպանումը եւ կատարումը որոշ չափով կհաստատեն նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անկեղծորեն արտահայտված ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նոր էջ բացելու ցանկությունը: Ըստ նրանց, ԵՄ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը, այլ բաների թվում, լիովին կախված է Թուրքիայում ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության եւ հիմնարար իրավունքների շոշափելի բարելավումից:

  • Կիսվել: