երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եվրահանձնաժողովը հաստատել է ռուսական ոսկու ներկրման արգելքը

Եվրահանձնաժողովը հաստատել է ռուսական ոսկու ներկրման արգելքը

Եվրահանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկները, ներառյալ Ռուսաստանի Դաշնությունից ոսկու ներկրման արգելքը եւ սահմանափակումների տակ գտնվող անձանց ու ընկերությունների ցանկի ընդլայնումը։

Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:
 
Նոր միջոցները կոչված են «աջակցելու եւ բարձրացնելու Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեց փաթեթների արդյունավետությունը», ընդգծել են Բրյուսելում։ Մասնավորապես, կուժեղացվի Ռուսաստան բարձր տեխնոլոգիաների եւ երկակի նշանակության արտահանման նկատմամբ վերահսկողությունը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, դա կվերաբերի քիմիական արդյունաբերությանն ու տեխնոլոգիաներին։ Բացի այդ, «հաշվետվողականության հանդեպ պահանջները» կուժեղացվեն՝ պատժամիջոցների տակ գտնվող ակտիվների սառեցման նկատմամբ վերահսկողությունը խստացնելու նպատակով:
Եվրահանձնաժողովն ընդգծել է, որ ԵՄ պատժամիջոցները ոչ մի կերպ ուղղված չեն Ռուսաստանի եւ երրորդ երկրների միջեւ գյուղատնտեսական արտադրանքի առեւտրի դեմ։ Նման արտահանման սահմանափակումները կհստակեցվեն նոր փաթեթում, որպեսզի խուսափեն թրեյդերների կողմից սահմանափակումների սխալ մեկնաբանությունից, ասել է Reuters-ի աղբյուրը։
 
Նրանցից ոմանք վախենում են սննդամթերք տեղափոխել ռուսական նավահանգիստներից, որոնք պատկանում են պատժամիջոցների տակ գտնվող պետական կորպորացիաներին, նշում է գործակալությունը։ Նոր փաթեթը կհստակեցնի, որ այդ նավահանգիստներն ազատված են սահմանափակումներից, Reuters-ին հայտնել է աղբյուրը։
 
Միաժամանակ, հանձնաժողովը մտադիր է խստացնել ԵՄ նավահանգիստներ ռուսական նավերի մուտքի գործող արգելքը, որպեսզի նրանք չկարողանան, շրջանցելով պատժամիջոցները, բեռնաթափվել նավահանգիստներում, որոնք պաշտոնապես սահմանափակումների տակ չեն, գրում է Deutsche Welle-ն։
 
ԵՄ արտաքին գործերի նախարարները կարող են քննարկել Եվրահանձնաժողովի այս առաջարկը հուլիսի 18-ին կայանալիք հանդիպման ժամանակ, սակայն այդ օրը նոր սահմանափակումներ չեն նախատեսվում, հաղորդում է DW-ի թղթակիցը Բրյուսելում։ «Երկուշաբթի օրը պատժամիջոցների մասին որոշումներ չեն լինի»,- ասել է ԵՄ կառույցներում DW-ի բարձրաստիճան աղբյուրը։
 
Աղբյուրը Reuters-ին հայտնել է նաեւ, որ ԵՄ-ն մտադիր է հաջորդ շաբաթ քննարկել պատժամիջոցները եւ ընդունել դրանք մինչեւ ամառային արձակուրդները։ Գործակալության զրուցակիցը սահմանափակումներն անվանել է պատժամիջոցների «վեցերորդ ու կես» փաթեթ՝ դրա համեմատաբար սահմանափակ շրջանակի համեմատ՝ համեմատած նախկին սահմանափակումների հետ, որոնք սահմանվել են ռուսական նավթի կամ ածխի համար։

  • Կիսվել: