երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ քննարկել անդամակցության հարցը

Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ քննարկել անդամակցության հարցը

Եվրահանձնաժողովը (ԵՀ)  ԵՄ անդամ երկրներին հանձնարարել է բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ՝ համայնքին անդամակցության շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԵՀ ներկայացուցիչ Անա Պիզոներոն։

«Մոլդովայի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու կետը ներառված է Եվրամիության երկրների դեսպանների հանդիպման օրակարգում։ Մենք կարծում ենք, որ այդ հարցը փակված է։ Մենք նորացված տեղեկատվություն ենք տրամադրել անդամ երկրներին այն մասին, որ կարծում ենք, որ Ուկրաինան և Մոլդովան կատարել են բոլոր պայմանները։ Որոշումն այժմ անդամ երկրների ձեռքին է», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ԵՀ ներկայացուցիչն ընդգծել է, որ, Եվրահանձնաժողովի կարծիքով, Կիևը կատարել է բոլոր պայմանները, ներառյալ  Հունգարիայի կողմից առաջադրված՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

ԵՄ երկրների ղեկավարները 2023 թվականի դեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ որոշում էին կայացրել անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ, սակայն դրանք մինչ օրս այդպես էլ չեն սկսվել։ Եվրահանձնաժողովը մարտի 12-ին հայտարարել է, որ մշակել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ ապագա անդամակցության բանակցությունների շրջանակային հրահանգ և այն կներկայացնի ԵՄ խորհրդին։

Ինչպես պարզաբանել է ԵՀ-ն, շրջանակային հրահանգը սահմանում է «յուրաքանչյուր թեկնածու երկրի հետ անդամակցության բանակցությունների ղեկավար սկզբունքները»: Այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը ներկայացնի հրահանգն անդամ երկրներին, իսկ ԵՄ խորհուրդը հավանություն տա այդ հրահանգին, Բրյուսելը, փաստացիորեն, կսկսի բանակցությունները Կիևի և Քիշնևի հետ:

  • Կիսվել: