հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Եթե ՀՀ քաղաքացին տարվա 11 ամիսը այլ երկրում է, եկամուտների մեծ մասը գեներացվում է այլ երկրում, հայտարարագիր չի լրացնելու. Թունյան

Եթե ՀՀ քաղաքացին տարվա 11 ամիսը այլ երկրում է, եկամուտների մեծ մասը գեներացվում է այլ երկրում, հայտարարագիր չի լրացնելու. Թունյան

Եթե մարդը ՀՀ քաղաքացի է, բայց փաստացի տարվա 11 ամիսը այլ երկրում է, և եկամուտների մեծ մասը գեներացվում է այլ երկրում, այդ մարդը ՀՀ ռեզիդենտ չէ, և ըստ այդմ՝ հայտարարագիր չի լրացնելու: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ խոսելով հայտարարագրման համակարգում նախատեսվող փոփոխությունների նախագծի մասին:

Նախագծի հարակից զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էլ  անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե հարկային հանցագործություն է, երբ քաղաքացին, որը նախորդ տարի ստացել է հարկով եկամուտ և հարկը չի վճարել, պիտի նշի չվճարած հարկի մասին լրացվելիք հայտարարագրում. «Սա ոչ թե հանցագործություն է, այլ օրինապահ կեցվածք է»:

Հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանը ևս անդրադարձավ դիտարկմանը՝ ասելով. «Նման բան չկա, քանի որ այդ հարկը հաշվարկվում է տարին ավարտելուց հետո: Եթե քաղաքացին նախորդ տարի ունեցել է վարձով տված տուն և հաջորդ տարի լրացնում է, ասում է՝ այսքան եկամուտ եմ ունեցել, այսքան էլ հարկ եմ ուզում վճարել, դա հաղորդում չէ հանցագործության մասին, դա նորմալ պրոցես է, արված է քաղաքացու հարմարության համար»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթի նիստի շրջանակում առաջին ընթերցմամբ քննարկվում է ՀՀ քաղաքացիների, ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագիրը լրացնելիս համակարգում նախատեսվող փոփոխություններ կատարելու նախագիծը: Ըստ այդմ՝ որոշվել է, որ ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն: Ընտանիքի անդամների միջև փոխանցումները հիմնականում նվազեցվող եկամուտներն են, այսինքն՝ հարկման ենթակա չեն, ուստի ծնողի և երեխայի, քույրերի և եղբայրների, ամուսինների միջև դրամական փոխանցումները հայտարարագրելու կարիք չկա. խոսքը վերաբերում է չհարկվող եկամուտներին:

  • Կիսվել: