Ես լիովին բաց եմ դրա համար. Թրամփը՝ Իրանի հետ գործարքի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կցանկանար համաձայնության գալ Իրանի հետ միջուկային հարցի շուրջ, գրում է CNN-ը:
«Ես լիովին բաց եմ դրա համար։ Մենք խոսում ենք նրանց հետ և սկսում ենք գործընթացը: Լավ կլիներ Իրանի հետ համաձայնության գալ, և մենք կարող էինք դրան հասնել պատերազմից առաջ, բայց դա տեղի չունեցավ»,-նշել է նա:
Իր հերթին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական և Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին ասել է. «Իրանի իշխանությունները պատրաստ են վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ, եթե նրանք բավարարեն Թեհրանի պահանջները»:
Նա նաև հայտարարել է, որ Իրանին միջուկային վառելիքը անհրաժեշտ է քաղաքացիական նպատակներով, այդ թվում՝ բժշկական, և, հետևաբար, Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ քննարկել միայն ուրանի «հարստացման մակարդակը», այլ ոչ թե դրա դադարեցումը։


