շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ես այդքան էլ լավատեսորեն չեմ տրամադրված Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում. ԵՄ դիվանագիտության ղեկավար

Ես այդքան էլ լավատեսորեն չեմ տրամադրված Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում. ԵՄ դիվանագիտության ղեկավար

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասն այսօր Դանիայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ  «լավատեսորեն չէ տրամադրված», թե ԵՄ-ն քայլեր կձեռնարկի Իսրայելի դեմ՝ Գազայում շարունակվող պատերազմի պատճառով, քանի որ Դաշինքի անդամ երկրների միջև պառակտում կա: Այս մասին տեղեկացնում է AFP-ն։

«Ես այդքան էլ լավատեսորեն չեմ տրամադրված և այսօր մենք, հաստատ, որոշումներ չենք կայացնի: Սա ազդանշան է այն մասին, որ մենք պառակտված ենք»,-ասել է նա:

Նշվում է, որ Դանիայում արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ կքննարկվի իսրայելական ստարտափների ֆինանսավորումը ԵՄ-ի կողմից դադարեցնելու առաջարկը՝ որպես Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի համար նախնական պատիժ։ Սակայն Դաշինքը մինչ օրս չի կարողացել հավաքել այդ քայլն ընդունելու համար անհրաժեշտ մեծամասնություն, առավել ևս՝ Իսրայելի դեմ ավելի վճռական գործողություններ ձեռնարկելու համար։

Նշենք, որ ԵՄ մի շարք երկրներ պնդում են Իսրայելի նկատմամբ ավելի խիստ պատժիչ միջոցներ կիրառել, սակայն դրանք ձախողվել են։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը, որի երկիրը հերթականությամբ նախագահում է ԵՄ-ում, պնդել է, որ միությունը «պետք է խոսքից անցնի գործի»։

Նա ասել է, որ Կոպենհագենն աջակցում է Իսրայելի հետ առևտրային համագործակցությունը դադարեցնելուն, իսրայելցի ծայրահեղ աջ նախարարների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն և անօրինական բնակավայրերից ներմուծումն արգելելուն։ Իսրայելը ներքին և արտաքին ճնշումների է բախվում՝ Գազայում իր հարձակումները դադարեցնելու համար, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը տեղահանվել է առնվազն մեկ անգամ, իսկ ՄԱԿ-ը հայտարարել է սովի մասին։

  • Կիսվել: