շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երկրների մշակութային կառույցները Բունդեսթագին կոչ են արել նպաստել ԼՂ-ում կրակի դադարեցմանը

Երկրների մշակութային կառույցները Բունդեսթագին կոչ են արել նպաստել ԼՂ-ում կրակի դադարեցմանը

Գերմանիայի և մի շարք այլ երկրների մշակութային հաստատությունների, գիտական կենտրոնների ղեկավարներ, քաղաքագետներ, լրագրողներ ու արվեստագետներ բաց նամակ են հղել Բունդեսթագի պատգամավորներին: Նրանք կոչ են անում նպաստել Արցախում կրակի, ինչպես նաև Թուրքիային զինամթերքի վաճառքի դադարեցմանը:

Այս մասին «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Փոխնախարարը զետեղել է բաց նամակի բովանդակությունը, որում ասվում է, որ դեռ 2016 թվականի հունիսի 2-ին երկար քննարկումներից հետո Բունդեսթագի պատգամավորները՝ ճնշող մեծամասնությամբ, դատապարտեցին Օսմանյան կայսրությունում հայերի և բնակչության մյուս խմբերի նկատմամբ հետապնդումները, որակեցին դրանք որպես ցեղասպանություն և ափսոսանք հայտնեցին Գերմանական կայսրության մասնակցության կապակցությամբ:

Նամակում շեշտվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում կրկին պատերազմ է. Թուրքիայի և Ադրբեջանի բացահայտ նեոօսմանյան կառավարությունների հրահրմամբ հայերին կրկին սպառնում է ոչնչացում: «Նախագահ Էրդողանը հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների դեմ: Ոչ միայն Ստամբուլում, այլև նույնիսկ Բեռլինում հայերը ենթարկվում են թշնամական վերաբերմունքի և հարձակումների: Մենք ձեզ կոչ ենք անում չցուցաբերել անտարբերություն: Անցյալի հանդեպ կարեկցանք արտահայտելը ենթադրում է պատասխանատվություն ներկայի և ապագայի համար: Հրավիրում ենք ձեր ուշադրությունը Ղարաբաղի քաղաքացիական բնակչության վրա: Եվրոպայի խորհրդում նախագահություն և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անդամակցություն ստանձնելով՝ Գերմանիայի կառավարությունը կրում է պատասխանատվություն և ունի գործիքներ պատերազմական իրավիճակի վրա ակտիվ ազդեցություն գործելու և մարդկային կյանքերը պաշտպանելու համար»,-ասվում է նամակում:

Հեղինակները Բունդեսթագի պատգամավորներին կոչ են անում աջակցել կրակի անհապաղ դադարեցմանը և Լեռնային Ղարաբաղում նոր միջազգային բազմակողմանի քայլերին:

«Մենք հանդես ենք գալիս կրակի անհապաղ դադարեցման, Թուրքիային զինամթերքի վաճառքի դադարեցման և լայնածավալ քաղաքական պատժամիջոցների կիրառման կոչով»,- շեշտել են նրանք:

  • Կիսվել: