ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ–ն հույս ունի` Ադրբեջանին և Հայաստանին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել. Գալուզին

ՌԴ–ն հույս ունի` Ադրբեջանին և Հայաստանին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել. Գալուզին

Ռուսական կողմը պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել ադրբեջանա-հայկական կարգավորմանը և ակնկալում է, որ Բաքվին և Երևանին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Պատասխանելով այն հարցին, թե այսօրվա դրությամբ հնարավո՞ր է արդյոք խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, փոխնախարարը նշել է, որ խաղաղության պայմանագրի հասնելը մեծապես կախված է կարգավորման բոլոր ուղիների առաջխաղացումից:
 
«Հենց դրան է ուղղված մեր աջակցությունը, այդ թվում՝ վիճելի պահերի վերաբերյալ հավասարակշռված, ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին ձեռնտու փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելու հարցում։ Այս թեմայով Մոսկվայում կայացած բանակցությունները թույլ տվեցին բարելավել կողմերի միջև փոխըմբռնումը, մոտեցնել դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ։ Այսուհետ ևս այդ նպատակով համապարփակ աջակցություն կցուցաբերենք Բաքվին և Երևանին։ Հույս ունենք, որ նման կանոնավոր շփումները թույլ կտան հասնել վերջնական խաղաղ պայմանավորվածությունների»,-նշել է նա։
 
Գալուզինը հիշեցրել է, որ մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ՝ երկկողմ և եռակողմ ձևաչափերով:
Այդ միջոցառումների շրջանակներում կայացել է նաև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայ-ադրբեջանական առանձին հանդիպում։
 
«Նման քննարկումների համար մեր հարթակի տրամադրումը Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացում կոնկրետ արդյունքների հասնելու հարցում Ռուսաստանի աջակցության տարրերից մեկն է հանդիսանում,-շարունակել է նա,-նման աշխատանքներ ենք տանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն (2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի և 2023 թվականի մայիսի 25-ի), որոնք հայ-ադրբեջանական կարգավորման հիմքն են կազմում»։
 
Գալուզինն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրից բացի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքները ներառում են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու հանրային շփումների զարգացման միջոցով վստահության ամրապնդումը:

  • Կիսվել: